Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հերմինե Նաղդալյան. Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է` անկախ իր կարգավիճակից, և նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին

Հերմինե Նաղդալյան. Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է` անկախ իր կարգավիճակից, և նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին
01.09.2016 | 12:59

Լեհաստանի խորհրդարանի նախագահ Մարեկ Կուխչինսկու հրավերով օգոստոսի 30-31-ին Վարշավայում կայացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն և ինքնիշխանություն» խորհրդարանական համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի, ՈՒկրաինայի,Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Օրակարգի երկու գլխավոր թեմաներն էին՝ Եվրամիության վերածնունդն ու տարածաշրջանային համագործակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և ազգային խորհրդարանների ներդրումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բազմակողմ համագործակցության մեջ: Հայաստանը համաժողովում ներկայացնում էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նրա մեկնաբանությամբ՝ այս թեմաները Լեհաստանի խորհրդարանի պատգամավորները համարել են ժամանակակից եվրոպական զարգացումների իմաստով խիստ մտահոգիչ և նախաձեռնել են բարձրաստիճան խորհրդարանական համաժողով, որտեղ բանավեճերի և քննարկումների մոդերատորներ են Լեհաստանի Սեյմի և Սենատի՝ ստորին և վերին պալատների նախագահներ Մարեկ Կուխչինսկին և Ստանիսլավ Կարչևսկին: «Կարծում եմ՝ այս փաստն արդեն բավական խոսուն է համաժողովի և ընթացող քննարկումների կարևորության առումով:

Լեհաստանի խորհրդարանի խոսնակը նշում է, որ անհանգստացնող է ԵՄ-ում ի հայտ եկած և շարունակվող ճգնաժամը, որը տարեցտարի վտանգավոր է դառնում: Այնքան վտանգավոր, որ հանգեցրեց Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուն, նաև որոշ կենտրոնախույս շարժումների, որ նկատվում են այլ երկրներում: Իհարկե, այդպիսի բազմամարդ ընտանիքում հնարավոր են վեճեր և անհամաձայնություններ ու թերևս վտանգավոր չեն, երբ կան կայուն ինտեգրացիոն կապեր, բայց ակնհայտ է, որ խնդիրները դադարել են այլևս միայն եվրոպական քաղաքական շրջանակների օրակարգի մաս լինել և դարձել են մասսաների մտահոգության և հաճախակիացող անհամաձայնության առարկան: Մի շարք մարտահրավերներ, որ ծառացած են այսօրվա Եվրոպայի առաջ, իսկապես խիստ մտահոգիչ են՝ ահաբեկչությունը, անվտանգությունը, միգրացիան, եվրոյի գոտին, պայմանագրային պարտավորությունների կատարման հարցերը և այլն ազդում են հասարակական տրամադրությունների վրա:

Համաժողովի մասնակիցների հետ հանդիպումների ընթացքում նախաձեռնողներն ընդգծում են, որ աշխարհի շատ վայրերում են այսօր երևան գալիս հասարակական անհանգստությունը և քաղաքական արժեհամակարգի չարաշահումները, մինչ օրս եղած գաղափարների նկատմամբ անհավատությունը և պետական կառույցների նկատմամբ թերահավատությունը: Ո՞րն է քաղաքական գործիչների, պատգամավորների դերը: Համաձայն եմ առաջադեմ և պատասխանատու եվրոպական կոնցեպտի հետ և համոզված եմ՝ մեր գլխավոր առաքելությունը՝ կառուցել պետություն, որը անվտանգ տուն և վստահ ինքնահաստատման տարածք կլինի յուրաքանչյուր քաղաքացու համար:


Լեհաստանը, որպես եվրոպական ինտեգրմանը համախոհ երկիր, իրեն պատասխանատու է զգում ողջ եվրոպական ընտանիքի բարգավաճման համար և անհրաժեշտ է համարում լայնածավալ խորհրդակցություններ ապագա եվրոպական բարեփոխումների շուրջ: Համաժողովի մասնակից երկրների մի մասը ԵՄ անդամ չէ, բայց վաղուց արդեն որևէ մեկը չի մտածում, որ ԵՄ-ի գործընթացներն ազդում են միայն ԵՄ անդամ երկրների և ժողովուրդների վրա: Մի շարք երկրներ ԵՄ անդամ չեն, բայց ունեն ԵՄ-ի հետ համագործակցային ծրագրեր և գործընթացներ, որ կարևոր է եվրոպական ընդհանուր տան համատեղ կառուցման գործում: Հայաստանը շարունակում է հետևողականորեն զարգացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում և այլ ձևաչափերով, շարունակվում են բանակցությունները Հայաստանի և ԵՄ-ի միջև` նոր երկկողմ համաձայնագրի մշակման շուրջ»՝ նշեց ԱԺ փոխնախագահը՝ պատմելով համաժողովի մասին:


Վարշավյան համաժողովում ելույթ ունենալով՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասել է, որ համաժողովը լավ հնարավորություն է` բացահայտելու և քննարկելու այն խնդիրները, որոնք մտահոգում են այսօր և հրատապ ուշադրության կարիք ունեն:

«Այսօր մեր թեման տարածաշրջանային համագործակցությունն ու Եվրամիության դերն է: Մեր տարածաշրջանում իրականությունն այնպիսին է, որ երբ մենք խոսում ենք համագործակցության մասին, առաջին հերթին մեր մտքում պատկերացնում ենք անվտանգության խնդիրներին վերաբերող քաղաքական երկխոսությունը, քանզի իրավիճակը տարածաշրջանում բավական բարդ և լարված է:


Ճիշտ մեր կողքին գոյություն ունեցող պատերազմական գոտիները, քաղաքական ծայրահեղականության աճը, միջազգային ահաբեկչության ընդլայնումը մարտահրավերներ են, որ վտանգում են տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը և դրանց դեմ պայքարելու ընդհանուր ջանքեր են պահանջում:


Հայաստանն ապրում է բարդ իրականության մեջ` շրջափակված երկու հարևաններով: Արևելքից Ադրբեջանն է` իր ագրեսիվ ռազմական քաղաքականությամբ, արևմուտքից` Թուրքիան, որը երկու տասնամյակից ավելի շարունակում է փակ պահել սահմանը Հայաստանի հետ` կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը: Վստահ եմ` տեղյակ եք այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական ագրեսիայի մասին: 1994-ի զինադադարից ի վեր, այդ ագրեսիան ամենածավալունը և լայնամասշտաբն էր, թիրախավորել էր ոչ միայն զինված ուժերին, այլև խաղաղ բնակիչներին: Խնդիրն այսօր վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, նրանց ապրելու իրավունքին: Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է` անկախ իր կարգավիճակից, և նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին: ԵՄ դերն այս գործընթացներում անփոխարինելի է և չափազանց կարևոր: Տարբեր մակարդակներում ԵՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, որը միակ միջազգայնորեն լիազորված մարմինն է՝ կոչված աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` հիմնվելով միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման վրա: Հայաստանը կարևորում է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը և խնդրի համապարփակ լուծման համար բարենպաստ միջավայր ստեղծելու նվիրվածությունը: Գուցե հետևողական քաղաքականության շնորհիվ Եվրամիությանը հաջողվի կոտրել ադրբեջանական քաղաքականության սառույցը, կամուրջ դառնալ և նպաստել վստահության կառուցմանը: Դա հեշտ չի լինի, քանի դեռ մեր հարևանը մոլեռանդորեն մերժում է համագործակցության բոլոր ձևերը, բայց մենք մեր հույսը չենք կորցնում:


Ղարաբաղն այսօր կայացած պետություն է` պետականության իր բոլոր ատրիբուտներով և հաստատություններով` Սահմանադրությամբ, ակտիվ քաղաքացիական հասարակությամբ և կենսունակ տնտեսությամբ: Դա շատ կարևոր աշխարհաքաղաքական գործոն է տարածաշրջանում, որը նպաստում է կայունությանն ու խաղաղությանը: Իր անկախությամբ Ղարաբաղն ապացուցել է, որ հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր է միջազգային հանրության համար, և հետևողական է` տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը նպատակաուղղված իր գործողություններում:
Այս առումով կարող եմ ուրախությամբ փաստել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ուղղակի փոխազդեցությունները դառնում են ավելի ու ավելի ակտիվ: Առավել հաճախակի են դարձել մեր եվրոպացի գործընկերների` պատգամավորների, հասարակական գործիչների այցերը:


Եվրամիությունը ժողովրդավարության խորհրդանիշ է: Իր հիմնական սկզբունքներից ու արժեքներից ելնելով` Միությունը պետք է լինի այն մարդկանց կողքին, որ պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության և հավասարության համար: Այս մարդիկ սպասելիքներ ունեն, և Եվրամիությունը կարող է օգնել իրականացնել դրանք»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ